ՀՀ կառավարությունը մշակել է ՆԱԽԱԳԻԾ, որով առաջարկում է սահմանել ՀԻՓՈԹԵՔԱՅԻՆ ԱՐՁԱԿՈՒՐԴ հասկացությունը
31.07.2019

Կրեդիտավորման պայմանագրի արտոնյալ ժամանակահատվածի (հիփոթեքային արձակուրդի) տրամադրման պայմանները
1. Կրեդիտառուն կրեդիտավորման պայմանագրի գործողության ընթացքում կարող է դիմել կրեդիտավորողին՝ իր կողմից նշված ժամանակահատվածով (այսուհետ՝ արտոնյալ ժամանակահատված) հիփոթեքային արձակուրդ ստանալու նպատակով, հետևյալ պայմանների միաժամանակյա բավարարման դեպքում.
1) հիփոթեքի առարկա է հանդիսանում այն բնակելի տունը (բնակարանը), որը կրեդիտառուի համար հանդիսանում է (հանդիսանալու է) մշտական բնակության վայր և առկա չէ կրեդիտառուին (կրեդիտառուներին) սեփականության իրավունքով պատկանող այլ բնակելի տուն (բնակարան):
2) կրեդիտառուն դիմումի ներկայացման ժամանակ գտնվում է կյանքի դժվարին իրավիճակում:
2. Սույն հոդվածի իմաստով կյանքի դժվարին իրավիճակ է համարվում հետևյալ պայմաններից մեկը.
1) կրեդիտառուն լիազոր մարմնի կողմից ստացել է գործազուրկի կարգավիճակ.
2) կրեդիտառուն օրենսդրությամբ սահմանված կարգով ճանաչվել է 1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամ.
3) կրեդիտառուն անընդմեջ 2 ամիս և ավել ժամկետով գտնվում է ժամանակավոր անաշխատունակ վիճակում.
4) սույն հոդվածի 1-ին մասով սահմանված դիմումը ներկայացնելու ամսվան նախորդող ամսվա դրությամբ կրեդիտառուի միջին ամսական եկամուտը (պայմանագրի կողմ հանդիսացող բոլոր կրեդիտառուների միջին ամսական համախառն եկամուտը) նվազել է ավելի քան 30 տոկոսով: Ընդ որում, դիմում ներկայացնելու ամսվան հաջորդող 6 ամիսների համար կրեդիտի մարման ժամանակացույցով սահմանված պարտավորությունների միջին ամսական չափը գերազանցում է դիմում ներկայացնելու ամսվան նախորդող ամսվա դրությամբ կրեդիտառուի (կրեդիտառուների) միջին ամսական եկամտի 50 տոկոսը.
5) կրեդիտավորման պայմանագրի կնքման օրվանից ավելացել է կրեդիտառուի խնամակալության տակ գտնվող անձանց քանակը, միաժամանակ, սույն հոդվածի 1-ին մասով սահմանված դիմումը ներկայացնելու ամսվան նախորդող ամսվա դրությամբ կրեդիտառուի միջին ամսական եկամուտը (պայմանագրի կողմ հանդիսացող բոլոր կրեդիտառուների միջին ամսական համախառն եկամուտը) նվազել է ավելի քան 20 տոկոսով, իսկ դիմում ներկայացնելու ամսվան հաջորդող 6 ամիսների համար կրեդիտի մարման ժամանակացույցով սահմանված պարտավորությունների միջին ամսական չափը գերազանցում է դիմում ներկայացնելու ամսվան նախորդող ամսվա դրությամբ կրեդիտառուի (կրեդիտառուների) միջին ամսական եկամտի 40 տոկոսը:
3. Սույն հոդվածի 1-ին մասով սահմանված դիմումը պետք է ներառի`
1) նշում արտոնյալ ժամանակահատվածի ընթացքում կրեդիտավորման պայմանագրով ստանձնած պարտավորությունների դադարեցման կամ վճարումների նվազեցված չափի մասին,
2) գրավատուի համաձայնությունը այն դեպքում, երբ գրավատուն հանդիսանում է երրորդ անձ,
3) նշում սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված պայմանի (պայմանների) առկայության մասին:
4. Սույն հոդվածի 3-րդ մասով սահմանված տեղեկատվությունը չներկայացնելը հիմք է կրեդիտավորողի կողմից դիմումը մերժելու համար:
5. Կրեդիտառուն իրավունք ունի ընտրելու արտոնյալ ժամանակահատվածի տևողությունը և սկիզբը: Ընդ որում, արտոնյալ ժամանակահատվածը չի կարող գերազանցել 6 ամիսը և չի կարող սկսվել ավելի շուտ, քան դիմում ներկայացնելու օրվանից 1 ամիս առաջ: Եթե կրեդիտառուն իր դիմումում չի նշում արտոնյալ ժամանակահատվածի տևողությունը կամ սկիզբը, ապա արտոնյալ ժամանակահատվածը տրամադրվում է 6 ամիս ժամկետով, որը սկսվում է կրեդիտառուի կողմից դիմում ներկայացնելու օրվանից:
6. Յուրաքանչյուր կրեդիտավորման պայմանագրով սույն օրենքի իմաստով արտոնյալ ժամանակահատված տրամադրվում է միայն մեկ անգամ՝ կրեդիտառուի և կրեդիտավորողի միջև համաձայնեցված պայմաններով:
7. Արտոնյալ ժամանակահատվածի ընթացքում կրեդիտի դասակարգումը մնում է անփոփոխ:
8. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված դիմումի բավարարման դեպքում կրեդիտառուի և կրեդիտավորողի միջև կնքվում է համաձայնագիր, որով կրեդիտավորման պայմանագրի գործողության ժամկետը երկարաձգվում է արտոնյալ ժամանակահատվածի չափով: Կրեդիտավորման պայմանագրի ժամկետը երկարաձգելու մասին համաձայնագիրը կնքվում է հասարակ գրավոր ձևով:
9. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված դիմումի ձևը և ներկայացման կարգը սահմանվում է Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտով:»: