Շահագործման է հանձնվել Հայաստանի ամենամեծ տանիքային արևային կայանը - ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ

24.08.2018

«Գետամեջ» թռչնաֆաբրիկան, «ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ» ՓԲԸ-ի ֆինանսավորմամբ վերականգնվող էներգիայի ծրագրի շրջանակում համագործակցելով «Շտիգեն Էներգետիկ ընկերության» հետ, տեղադրել է 237,6 կՎտ դրվածքային հզորության արևային (ֆոտովոլտային) կայան:

Կայանի միջոցով նախատեսվում է արտադրել տարեկան ավելի քան 16 մլն դրամին համարժեք էլեկտրաէներգիա, որի արդյունքում կբացառվի 160 տոննա ածխաթթու գազի արտանետումը շրջակա միջավայր։ Կայանի տեղադրման առաջին իսկ ամսից Ընկերության կողմից արտադրվող էլեկտարէներգիայի ծավալը կրկնակի գերազանցում է վարկի ամսական մարման գումարը։ Ֆինանսավորումն իրականացվել է առանց լրացուցիչ գրավային ծանրաբեռնվածության․ ձեռքբերվող գույքը հանդիսացել է որպես վարկի ապահովում։ Հավելենք նաև, որ այս կայանը Հայաստանում մինչ օրս տեղադրված ամենամեծ տանիքային արևային կայանն է։

«Գետամեջի» թռչնաֆաբրիկան իր գործունեությունը սկսել է 1958 թվականին և այս 60 տարիների ընթացքում ձևավորվել ու բարձր համբավ է ձեռք բերել որպես տոհմային սելեկցիոն և բարձրորակ թռչնամիս արտադրող թռչնաբուծական ֆաբրիկա:

Գետամեջի թռչնաֆաբրիկան վերագործարկվելով 2018 թվականին, իր առջև խնդիր է դրել նաև բարձրացնելու արտադրական մշակույթը, որը միանշանակ նպաստելու է և՛ շրջակա միջավայրի պահպանմանը, և՛ էկոլոգիապես մաքուր թռչնամիս արտադրելուն: Այս նպատակով արևային էլեկտրակայանին զուգահեռ, որը ապահովելու է ընկերության պահանջարկի շուրջ 60%-ը, թռչնաֆաբրիկայում արդեն գործում է արևային  էներգիայից տաք ջուր ստանալու համակարգը: Միաժամանակ Գետամեջի թռչնաֆաբրիկայի թռչունները կերակրվում են բնական սննդարար կերային հավելումներով և չեն օգտագործվում հակաբիոտիկներ, գտնվում են խիստ հսկողության տակ ու սնվում են միմիայն բուսական առողջ կերերով:

«Շտիգեն էներգետիկ համակարգեր» ընկերությունը հիմնադրվել է 2011 թվականին վերականգնվող էներգետիկայի փորձագետ Հայկ Շեկյանի կողմից։ Ընկերությունը մասնագիտացած է արևային էներգետիկայի լուծումներում: «Շտիգեն»-ի Էլեկտրաէներգիա արտադրող կայանները կիրառական են ինչպես բնակչության, այնպես էլ գործարարների համար: Արևային ջրատաքացման համակարգերը կիրառական են ինչպես բնակչության, այնպես էլ տարբեր բիզնեսների համար, որոնք արտադրական գործընթացում ունեն տաք, այդ թվում՝ մինչև եռման ջերմաստիճանի ջրի կարիք։  Ընկերությունը մինչ օրս տեղադրել է գումարային ավելի քան 5,5 ՄՎտ դրվածքային հզորության արևային էլեկտրակայաններ և մոտ 7 ՄՎտ պիկային հզորության ջերմային կայաններ Հայաստանի և Արցախի ողջ տարածքում։

«ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ» ՓԲԸ-ն հիմնադրվել է 2004թվականին և իր գործունեությունը ծավալում է կորպորատիվ, ներդրումային և հիփոթեքային բանկային ծառայությունների շուկայում: Կորպորատիվ բանկային ծառայությունների շրջանակում Բանկը ակտիվ գործունեություն է ծավալում նաև ՀՀ տնտեսության մեջ վերականգնվող էներգիայի արտադրության ուղղված նախագծերի ֆինանսավորման ոլորտում։ Համագործակցելով մի շարք ֆինասական և մասնավոր կազմակերպությունների հետ՝ Բանկը ֆինասավորել է վերականգնվող էներգիայի արտադրության՝ ՀԷԿ-երի և արևային կայանների բազուն նախագծեր։ Բանկը ներկայումս արևային կայանների տեղադրաման համար առաջարկում է ԱՄՆ դոլարով և ՀՀ դրամով տարեկան համապատասխանաբար 5,5% և 8,5% վարկային պրոդուկտներ՝ մինչև 12 տարի ժամկետով: Նշված վարկային ծրագրերից օգտվելը կազմակերպություներին թույլ է տալիս ապահովել էներգետիկ անկախություն՝ չստեղծելով լրացուցիչ արտահոսքեր վերջիններիս դրամական հոսքերում։